«Սրբազան շարժումը» ձախողվել է, քանի որ չեն աջակցել ԼԳԲՏ համայնքը, «աղանդավորականները», «իշխանության ծալքերում տեղավորված» ՀԿ-ներն ու «արտաքին ուժե՞րը». «Դրօշակ»-ի մառազմը

Մինչ սրբազան շարժման համաառաջնորդ Բագրատ արք. Գալստանյանն աղաղակում է՝ «սա ապաքաղաքական շարժում է», «մենք  ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ՝ ընդդիմության շարժում ենք», 134-ամյա ՀՅԴ-ն իր քարոզչական օրգաններով հետևողականորեն մատնում է «տիրոջը»՝ «հուդայաբար» համբուրելով եկեղեցու սպասավորին։    


ՀՅԴ պաշտոնական կայքն ու ֆեյսբուքյան էջը ավետել են՝ լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի հերթական համարը (լույս է տեսնում 78 տարի), որի շապիկին, ինչպես պարզվեց, Բագրատ սրբազանի խրոխտ լուսանկարն է, և  որին էլ նվիրված է  ծավալուն առաջնորդողը (ինչպես նաև ևս մեկ «վերլուծական»՝ նվիրված  շարժման ընթացքին ու հետագա անելիքներին)։  Առաջնորդողում այդ (որի հեղինակը ենթադրաբար պարբերականի գլխավոր խմբագիր, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես  Շահբազյանն է) Բագրատ սրբազանի փառավոր կերպարը վրձնելուց զատ նաև զուգահեռներ են անցկացվել 2018-ի թավշյա հեղափոխության հետ, և փորձ է արվել բացատրել՝ ինչու Նիկոլ Փաշինյանը հաջողեց, ու տեղի ունեցավ փափագելի իշխանափոխությունը՝ Սերժ Սարգսյանի համազգային մերժումը, իսկ այ «սրբազան շարժումը», փաստորեն, չհասնելով իր փափագին՝ Նիկոլ Փաշինյանին վռնդելուն, փաստորեն մերժվեց լայն հանրության կողմից, ստիպված եղավ այս անգամ էլ «փակել գրասենյակն» ու  մեկնել  արձակուրդ։


Ինչն է ուշագրավ. 2018-ին Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրած, հետո մի քանի օր անց «ժողովրդային շարժմանը» միացած, ապաև  Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրած ՀՅԴ-ն տարիներ անց  «ուշքի է եկել»՝ «թավշյա հեղափոխությունն» անվանում է «գունավոր», ավելին՝ «արտաքին հովանավորությամբ»։  Ինչպես կասեր կարկառուն ՀՀԿ-ականներից մեկը՝ «բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ», ՀՅԴ-ն էլ երևի որոշել է  առաջնորդվել  երբեմնի կոալիցիոն գործընկերոջ ներկայացուցչի ասածով՝ երբ պետք է՝ «Սերժ» է ընտրում, երբ պետք է՝ մերժում, երբ պետք է՝  «ժողովրդային շարժում» է անվանում  «թավշյա հեղափոխությունն» ու կառավարությունում պորտֆելներ ստանում, երբ էլ զրկվում է իշխանությունից՝ նույն այդ հեղափոխությունն անվանում է «գունավոր» ու «արտաքին հովանավորությամբ» տեղի ունեցած։  Բայց անկախ նրանից՝ ինչ որակում կամ ախտորոշում կտա «մեր հին ընկեր Դաշնակցությունը» հեղափոխությանը, չի կարող փախչել 2018-ի իշխանափոխության հարցում իր ունեցած  մասնակցությունից։  Անցնենք առաջ և քննենք առաջնորդողում տեղ գտած մեկ այլ ցնցող, ընդհուպ՝ զավեշտական  դիտարկում. «Գաղտնիք չէ նաև, որ այդ հեղաշրջման գործում ամենակարևոր գործոններից մեկը եղավ դրսից հրահանգով փողոց դուրս եկած մարդկային մեծ զանգվածը, որը բաղկացած էր ԼԳԲՏ համայնքից (իշխանափոխությունից հետո իրենք հրապարակավ հայտարարեցին այդ մասին), աղանդավորներից և իրավապաշտպանական, բնապահպանական ու զանազան այլ, արտաքին ուժերին ենթակա ՀԿ-ներից, որոնք նախկինում բզկտում էին օրվա իշխանություններին, իսկ 2018 թվականից հետո հարմար տեղավորվեցին նոր իշխանությունների փափուկ ծալքերում: Բավական է ասել, որ միայն աղանդավորները Հայաստանում հաշվվում են բնակչության 10 տոկոսը»:  Պատկերացնու՞մ եք՝ մոտ մեկուկես դար գոյություն ունեցող, հազար ու մի փորձության, ինչու չէ՝ խայտառակության միջով անցած, բայց այդպես էլ, փաստորեն,  չիմաստնացած ՀՅԴ-ի մամուլի օրգանը 2018-ի գործընթացի պատճառները չի փնտրում  երկրի վատ կառավարման մեջ, չի համարում  «իշխանության մոնոպոլացումը և ընդգծված ընդդիմության դերի թերագնահատումը» (գնահատականը  իրավական մտքի «գուրու» Դավիթ Հարությունյանինն է, չի համարում  կոռուպցիայի ծաղկումն ու տնտեսական մենաշնորհները, ոչ էլ՝  ընտրական համակարգի բռնաբարումն ու ժողովրդի  քվեի տոտալ կեղծումը։ Այլ կարծում է, որ այդ «հեղաշրջումը» իրականացավ, քանի որ դրան ակտիվ աջակցեցին  ԼԳԲՏ համայնքը, «աղանդավորները», հասարակական սեկտորը... Ավելին՝ այս «կոլեկտիվների» մասնակցությունը  ոչ թե օժանդակ, լրացնող գործոն է համարում, այլ՝ «ամենակարևոր գործոններից մեկը»։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ծաղր, անարգանք, վիրավորանք 2018-ին ոտքի ելած հայ ժողովրդի, ընդ որում նաև՝ սփյուռքի մեր հայրենակիցների քաղաքացիական դիրքորոշման հանդեպ։  Երևի այդօրինակ՝ «ազդեցիկ» ու «հեղաշրջումային» համայնքների աջակցությունն ու մասնակցությունն էր ակնկալում «սրբազան շարժման» համաառաջնորդ Գառնիկ Դանիելյանը, երբ  օրերս հայտարարում էր, թե ցանկացած ոք, այդ թվում՝ «մանկապիղծներն ու դավաճանները» կարող են գալ ու կանգնել իր կողքին և միանալ շարժմանը։ Հետաքրքիր է՝ «Դրօշակ»-ի խմբագրի ձեռքի տակ կա՞ վիճակագրություն, թե, ասենք, «սրբազան շարժման» մասնակիցների թվում քանի տոկոս են կազմել  ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ու «աղանդավորականները», ՀԿ-ների ներկայացուցիչները,  և ամենակարևորը՝  Գառնիկ Դանիելյանի հորդորից հետո քանի՞ մանկապիղծ ու դավաճան և այլ՝ «պղծալի»  արարքներ թույլ տված անձ է միացել իրենց։  Ի դեպ, Բագրատ Գալստանյանը Կիրանցից Երևան հասնելուց հետո ակտիվ հանդիպումների շարք էր սկսել ու իրեն հյուրընկալած հյուրանոցի ընդարձակ ու հարմարավետ դահլիճներում մարդաշատ քննարկումներ ունեցավ  տարբեր հանրույթների ու համքարությունների ներկայացուցիչների հետ՝ ՏՏ ոլորտից մինչև հայրենադարձներ,  բժիշկներից մինչև արվեստի ու մշակույթի գործիչներ, տնտեսագետներից մինչև քաղաքական-վերլուծական համայնքի ներկայացուցիչներ, երիտասարդական խմբեր, էլ չասած՝  ՀՀ քաղաքական մի քանի տասնյակ՝ ակտիվ ու  քիչ թե շատ կենդանության նշաններ ցույց տվող ուժերի հետ, ընդհուպ ճաշկերույթի մասնակցեց մեծն բարերար, 2018-ի հեղափոխությանը ջուր մատակարարած ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի հարկի տակ։  Փաստորեն, այսքան ջանք ու եռանդ թափելուց, մարդկային այսքան՝ զանազան կոլեկտիվների հետ հանդիպելուց հետո էլ շարժմանը չհաջողվեց  հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել, սրբազանի աննկուն, անկեղծ  ու ազգանվեր կերպարով հնարավոր չեղավ «փիառել» շարժումն ու դուրս բերել հարյուր հազարների՝  տապալելու Փաշինյանին։  Տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ «արտը խախուտ, մահանան՝ կարկո՞ւտ»։


Առաջնորդողի հաջորդող տողերն էլ ավելի շենշող են. «Այս իմաստով հինգ տարի պարբերաբար բռնկված ժողովրդային շարժումների չհասնելը վերջնական արդյունքի ակնհայտ փաստն է այն իրողության, որ այդ շարժումները չեն ունեցել արտաքին հովանավորություն։ Ավելին, եթե 2018 թվականին արտաքին ուժերն ակնհայտորեն աջակցում էին Հայաստանում տեղի ունեցող «հեղափոխությանը», ապա դրանից հետո և հենց այս օրերին ակնհայտորեն աջակցում են արդեն իշխանության վրա գտնվող նույն ուժին: Իհարկե մենք վայրկյան անգամ չպետք է վատ զգանք, որ ազգային շարժումն արտաքին հովանավորներ չունի, այլապես դա արդեն ազգային անկախ շարժում չէր լինի»: Փաստորեն, ԼԳԲՏ համայնքից ու աղանդավորականներից  բացի մեկ այլ գործոն էլ է  պայմանավորել 2018-ի հեղափոխությունը՝ արտաքին ուժերը։ Ի դեպ, այս վերջին դիտարկումը մեզ հիշեցրեց հնագույն քաղաքակրթությունների օրոք բնական երևույթները մեկնաբանելու «փիլիսոփայությունը». երբ կայծակ էր որոտում, կամ, ասենք, երաշտ լինում, մարդիկ, չունենալով դրանք մեկնաբանելու տարրական գիտելիքներ, տեղի ունեցողը վերագրում էին մոգական ուժերին՝ ահա, նրանք կամեցան կամ բարկացան, և տեղի ունեցավ այս կամ այն երևույթը։ Հեղափոխությունն էլ, փաստորեն, 2018-ին տեղի ունեցավ,  քանի որ այդպես «կամեցան» «արտաքին ուժերը»։ Ի դեպ, հեղափոխության հաղթանակի այս «իռացիոնալ մեկնությանը» ժամանակին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը ու հանգամանորեն մեկնաբանել ակնհայտը: «Այս հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը: Եվ նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշների՝ օտար մարդկանց, անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք այդպես մտածել են նախկինում, նրանց կառավարման արդյունքն է այդպիսին եղել, նրանք մտածել են, թե հայ ժողովուրդն ինքնություն չունեցող, կամք չունեցող, նպատակներ չունեցող, կառավարելի ժողովուրդ է: Իրենք սովորել էին, որ ժողովուրդը չի որոշելու, թե ընտրություններում ով պետք է դառնա պատգամավոր: Ոչ, այդպես չի լինելու, հայ ժողովուրդը պետականություն, ինքնություն, արժանապատվություն ունեցող ժողովուրդ է, և նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ուրիշ բան խառնել, ընդամենը ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությունը»,- Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2019-ին  հայտարարել էր Փաշինյանը։


Հ. Մանուկյան